«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:
– Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ հունիսի 6-ին Թուրքիայում տեղի կունենա Nabucco գազատարի շինարարության կոնսորցիումի մասնակից ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրումը: Նա նաև նշել է, որ Եվրոպայի և Թուրքիայի համար այդ ծրագիրը չափազանց կարևոր է, և իրենք չեն կարող ժամանակ կորցնել: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է Nabucco-ի գործարկման հավանականությունը մոտ ապագայում:
– Պետք է նախ սպասել և տեսնել, թե արդյո՞ք համաձայնագիրը կստորագրվի, քանզի նման հայտարարություններ արդեն շատ են եղել, սակայն այստեղ խնդիրն այն է, թե ով է ֆինանսավորելու այդ թանկ նախագիծը: Եվրոպայում հիմա տնտեսական ճգնաժամ է, նրանք փող չունեն, ավելին` Եվրոպան այլ, ավելի կարևոր խնդիրներ ունի այժմ լուծելու: Մեծ է հավանականությունը, որ այդ հայտարարությանը չի հետևի որևէ իրական քայլ և ֆինանսավորում: Չնայած չեմ բացառում, որ ծրագրի շատ փոքր մասը կյանքի կոչվի:
– Պարոն Կռիլով, իսկ Nabucco-ի գործարկումը կարո՞ղ է ինչ-որ կերպ խանգարել Ռուսաստանի տարածաշրջանային գործունեությանը:
– Չեմ կարծում, այդ ամենը փուչ խոսքեր են, քանզի գազի և նավթի այն ծավալները, որոնք մատակարարում է Ռուսաստանը, Nabucco-ն չի կարող անել. համապատասխան աղբյուրներ և պաշարներ այսօր չկան ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքմենստանում: Թուրքմենստանի գազն այսօր մեծ ծավալներով օգտագործում են Իրանը և Չինաստանը: Կարծում եմ` հաշվի առնելով մատակարարների նման դասավորությունը, Եվրոպան չի կարող գործարկել Nabucco-ն: Այսօր տեսնում ենք, թե ինչ իրավիճակում են գտնվում էներգակիրների հյուսիսաֆրիկյան մատակարարները. իրավիճակն այնքան անկայուն է, որ Ռուսաստանից Եվրոպա կայուն մատակարարումների նշանակությունը գնալով մեծանում է:
– Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաև հայտարարել է, որ տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն վերջնական պատասխան ստանալ ադրբեջանական կողմից Nabucco նախագծին մասնակցելու վերաբերյալ, և եթե Ադրբեջանի պատասխանը բացասական լինի, իրենք բանակցություններ կսկսեն Իրանի, Իրաքի ու Թուրքմենստանի հետ: Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում պատասխանը:
– Ադրբեջանը այդ համաձայնությունը չի տալիս քաղաքական դրդապատճառներով և աշխատում է որքան հնարավոր է շատ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Ադրբեջանը հույս ունի այս ճանապարհով ճնշումներ գործադրել և ղարաբաղյան հարցում որոշակի զիջումների հասնել: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա զրկվել այս հնարավորությունից և տալ իր վերջնական համաձայնությունը Nabucco-ին մասնակցելու վերաբերյալ: Այստեղ ևս մեկ հարց կա` ցանկություն կա՞ Հայաստանը ևս Nabucco ծրագրում ընդգրկելու և այն տրանզիտային երկիր դարձնելու: Սակայն այս հարցը բարդ է, քանզի Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորված չեն, իսկ Իրանը ևս որոշակիորեն մեկուսացման մեջ է գտնվում: Այնպես որ, այս հարցը ևս իրական չէ, և չեմ կարծում, որ մոտակա ապագայում Հայաստանը կդառնա էներգակիր փոխանցող երկիր:
– 2012թ. առաջին կեսին Ադրբեջանն ու Վրաստանը նախատեսում են շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը: Պարոն Կռիլով, Ձեր գնահատմամբ, Հայաստանի ևս մեկ անգամ մեկուսացումը, ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի վրա:
– Այն, որ նախագծի ավարտի մասին ինչ-որ տարեթիվ են նշում, չեմ կարծում, որ իրական է: Այդ ամենը դեռևս հայտարարություններ են, և նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ հնչում են: Այստեղ ևս կա ֆինանսավորման խնդիրը, քանզի այսօր թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան բավականին խնդիրներ ունեն, և նախագիծն ավարտին հասցնելու նպատակները դեռևս հարցական են: Իհարկե, այդ ճանապարհով` Վրաստանով, կհեշտանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը, սակայն էականորեն իրավիճակը տարածաշրջանում չի փոխվի: Չեմ կարծում, որ այս երկաթուղու շահագործումը Հայաստանի համար դրամատիկական լինի, իհարկե` որոշակի բարդություններ կլինեն, սակայն չեմ կարծում, որ իրավիճակը կրիտիկական է: Այս ծրագրի նշանակությունը գիտակցաբար չափազանցվում է ուժերի դասավորման նպատակով:









































