«Ոչ գենդերային այլասերումին» հասարակական նախաձեռնությունը և «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական նախաձեռնությունը կոչ են անում հայ մտավորականությանը, բոլոր մտահոգ կազմակերպություններին, լրատվամիջոցներին, անհատներին՝ միանալ «գենդերային օրենքի» հետևանքով գենդերային այլասերումները կանխելու կարևորագույն գործին: Օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները ներկայացրին քաղաքապետարանին ու ԱԺ-ին ուղղված իրենց պահանջագիրը, որին միացել են նաև ազատամարտիկները:
«Ես չեմ ուզում այս շարժումը ենթարկվի քաղաքական շահարկումների, սա զուտ ժողովրդական, ազգային շարժում է՝ մեր ընտանիքներին, զավակներին այլասերումից պաշտպանելու նպատակով»,- ասաց «Նոր Վարդանանք» ՀԿ նախագահ Վարդան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ պետք է անհապաղ ետ կանչել օրենքը:
Երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի համոզմամբ՝ կանայք միշտ պետք է լինեն երկրորդ տեղում՝ լավ իմաստով: «Հավասարություն անվան տակ երկնային իրականության դեմ չի կարելի պայքարել, ու պարզ չէ՝ այդ պայքարն ինչի համար է: Ուժեղ կինն առաջանում է թույլ տղամարդու կողքին: Ինձ համար պարզապես անհասկանալի է՝ ում էր պետք, որ փոքրիկ Հայաստանում այս օրենքը մտցվի, այն դեպքում, երբ փոքրամասնությունները մեզ մոտ չնչին տոկոս են կազմում»,- ասաց Ամալյանը:
Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը նկատեց, որ սկսված պայքարը թեև ազգային է, ուղղված է քաղաքական որոշման դեմ: Նա հավելեց, որ գենդերը օրենսդրական փոփոխությունների մեծ շարք է պահանջում՝ 1200 փոփոխություն: Բավական է՝ մենք հիշատակենք գենդերը, և կպայթի ավելի մեծ ռումբ: Հունիսի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը հայտնի է նաև «Գենդերային օրենք» անունով: Օրենքում ներմուծվում է «գենդեր» հասկացությունը, որը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Այդ սահմանումը ենթադրում է սեփական սոցիալական վարքի ընտրություն՝ անկախ իր կենսաբանական սեռից (օրինակ՝ արվամոլները, իգամոլները, լեզբի, սեռափոխները և այլն): Իսկ պետությունն էլ պարտավորվում է քաղաքացիներից գանձված հարկերի հաշվին պաշտպանել նաև ավանդականից տարբերվող «գենդերային վարք» ունեցողների իրավունքներն ու շահերը:
Նախաձեռնության անդամները պայքարի այս փուլում պահանջում են չեղյալ համարել վերոնշյալ օրենքը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին հետագա օրինագծերը կազմել այնպես, որպեսզի դրանցում միանշանակ հասկացվի ու ենթադրվի սեռերի միայն ավանդական՝ կենսաբանական ընկալումը՝ կին և տղամարդ, և դրան համապատասխան սոցիալական վարք: Պահանջներից մեկն էլ համապատասխան օրենքներում և որոշումներում փոփոխություն կատարելն է՝ արգելելով այլասերող սեռային կողմնորոշումների և դրանց համապատասխան կենսակերպի քարոզը, գովազդը, հատկապես անչափահասների շրջանում, նախապատրաստել և հանրային քննարկման դնել երիտասարդ սերնդի բարոյական վիճակի բարելավմանն ուղղված կրթական համակարգի բարեփոխումներ, հանրային ծրագրեր:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































