Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է վերջին շրջանում թուրք ազգայնականների «սեռական հրաժարականների» ալիքը.
«Այդօրինակ շանտաժները և՛ տգեղ են, և՛ վտանգավոր: Այդպիսի շանտաժները ծնում են շանտաժի այլ ձևեր: Այսօր դա է տեղի ունենում, վաղը կարող է տեղի ունենալ մեկ այլ բան:
Դատական մարմինները պետք է այսպիսի հարցերը պահեն իրենց ուշադրության կենտրոնում: Այսպիսի հարցերում անհրաժեշտ է մեծ սկզբունքայնություն ցուցաբերել: Անհրաժեշտ է «ոչ» ասել շանտաժին»:
Հիշեցնենք, որ ինտերնետում թուրք ազգայնականների սեռական արկածների մասին տեսագրությունների հայտնվելուց հետո ստիպված եղան հրաժարականներ տալ և հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից իրենց թեկնածությունը հանել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) վերնախավի միանգամից 6 ներկայացուցիչներ:
Ի դեպ, դրա կազմակերպման համար ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին մեղադրել է Գյուլի կուսակից վարչապետ Էրդողանին:










































