Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստն առավել հետաքրքրացնելու նպատակով, Ազատության հրապարակում եռափաչ նոր նկարների պատկերումն իրականացվել է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Այդ նպատակով երկրորդ անգամ Երևան է հրավիրվել 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը, ով երևանցիներին հայտնի է Ազնավուրի հրապարակում անցյալ տարի պատկերած «Ալիգատորներ» եռաչափ նկարով։ Նիկոլայ Արնդտի նոր ստեղծագործությունը «Կարապի լիճ» եռաչափ պատկերն է:
Զուգահեռ աշխատատել են նաև հայ երիտասարդ նկարիչներ, ովքեր ևս մի քանի այլ 3D պատկերներ են նկարել հրապարակում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ազատության հրապարակում նոր աշխատանքներին է ծանոթացել նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
«Մայրաքաղաքում եռաչափ նկարներ ունենալու նախաձեռնությունը լայն արձագանք գտավ երևանցիների շրջանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քաղաքապետի կողմից համապատասխան հրավեր եղավ Նիկոլայ Արնդտին:
Այս տարի աշխատանքներում ներգրավվեցին նաև հայ երիտասարդ նկարիչներ: Կարծում եմ, նրանց համար սա լավ հնարավորություն էր և փորձ` հետագայում արդեն ինքնուրույնաբար եռաչափ պատկերներ ստանալու համար: Առհասարակ, եռաչափ նկարները Երևանի համար նոր մշակույթ են, սակայն մեծ տարածում ունեն աշխարհի շատ քաղաքներում»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Ազատության հրապարակում զբոսնող երևանցիներն ու նաև օտարերկրացիները շտապել են առաջինը տեսնելու նկարներն ու լուսանկարվել պատկերների ֆոնին:
Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, շարունակական է լինելու և ընդգրկելու է նոր տարածքներ:








































