Պակիստանի հնարամիտ ձեռներեցները որոշել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության վայրը վերածել թանգարանի: Այդ նախաձեռնության համար կօգտագործվի Աբոթաբադում նրա տունը: Այս մասին հաղորդում են կանադական լրատվամիջոցները, որոնց հղում է կատարում RBC-ն:
Տեղի զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Յար Մուհամադն ասել է, որ Բեն Լադենի սպանությունը կարևոր իրադարձություն է, ինչի պատճառով շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից ձգտում են տեսնել ահաբեկչի տունը: Տուրարշավի մեջ կմտնի այցելությունը ահաբեկչի առանձնատուն, ինչպես նաև «գանձերի որոնում», որն իբր պահել է Ուսամա բեն Լադենը առանձնատան մերձակայքում:
Աբոթաբադում կան նաև դրա հակառակորդներ, որոնց կարծիքով, այդ առանձնատունը պետք է հողին հավասարեցնել, որպեսզի կյանքը քաղաքում վերադառնա նորմալ հուն: Քաղաքում նաև սպասում են ոչ թե զբոսաշրջիկների, այլ ահաբեկիչների և ֆանատների, որոնք կցանկանան գալ ահաբեկչի սպանության վայր՝ որպես սրբատեղի:







































