Ցխինվալում տեղի է ունեցել Հարավային Օսիայի առաջին նամականիշերի մարման արարողությունը: Դրանք տպվել էին ռուսական «Գոզնակ» հրատարակչատանը: Միջոցառմանը ելույթ ունենալիս Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը նշել է, որ միջոցառումը նվիրված է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը, որը կնշվի օգոստոսի 26-ին:
Նա նշել է, որ առաջին հարավօսական նամականիշի մարումը լուրջ քայլ է, որը վկայում է, որ Հարավային Օսիան և Ռուսաստանը շարունակում են գնալ միջպետական պայմանավորվածությունների ու համաձայնագրերի իրականացման ուղիով:
Հարավօսական նամականիշերով առաջին երկու նամակները կուղարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, որում նրանց երախտագիտություն կհայտնվի խիզախ որոշման համար, որն ընդունվել է իրենց երկրի համար դժվարին օրերին:








































