Մայիսի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուայի հետ և քննարկեց մշակութային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:
Անդրադառնալով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը` Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը տեղեկացրեց դեսպանին, որ վրացական կողմը լուծել է ֆինանսական միջոցների հարցը և մոտ ժամանակներս կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց կհաջորդեն նորոգման աշխատանքները:
Քննարկվեց նաև վթարային վիճակում գտնվող Թբիլիսիի երկու չգործող հայկական` Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների նորոգման հարցը:
Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողության գործընթացը ամրապնդելու խնդիրներին` դեսպանը նշեց հայկական և վրացական մտավորականության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարն ընդգծեց, որ այդպիսի հանդիպումները հատկապես օգտակար կլինեն երիտասարդ սերնդի համար: