«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ախուրյանի համայնք այցելությամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը սկսել է իր համայնքային այցերը` լսելու մարդկանց խնդիրներն ու քննարկելու դրանց լուծման տարբերակները:
Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել են Ախուրյանի համայնքապետը, ավագանու անդամները, դպրոցների, բուժհաստատությունների աշխատակիցները:
Խնդիրները հատկապես շատ են երկրաշարժից հետո կառուցված Նոր Ախուրյան համայնքում. օրինակ, անբարեկարգ ճանապարհներ, դրա հետ կապված տրանսպորտային խնդիր, որի կապակցությամբ մարզպետն ասել է, թե հանձնարարել է, որ Գյումրի – Ախուրյան երթուղին սպասարկի նաև Նոր Ախուրյան համայնքը:
Նոր Ախուրյանի դպրոցի տնօրենն ասել է, որ արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է դպրոցի աշակերտների թիվը. – «Այդտեղ բնակեցվել են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ: Հող չունեն, անասնագոմ չունեն, գյուղի աշխատանքերով չեն զբաղվում և ստիպված արտագաղթում են»:
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև երկու տարի առաջ սկսված ու մի քանի ամիս առաջ դադարեցված բնակարանաշինության ծրագիրը շարունակելու հարցը, շտապօգնության հնացած մեքենաները նորերով փոխարինելու, դպրոցի տանիքի վերանորոգման և այլ հարցեր:
«Տեսնենք, թե որ հարցը կկարողանանք առաջնային լուծել: Երբ ունենանք համապատասխան ֆինանսներ, Ախուրյանի որևէ հարցի, հավանաբար, լուծում կտանք: Ես չեմ ասի` բոլոր հարցերը կլուծենք, բայց որևէ հարց անպայման կլուծենք», – հանդիպումից հետո ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Առաջիկայում մարզպետը ծրագրում է այցելել նաև մարզի մյուս համայնքները:










































