Քաղաքապետարանի դիմաց ակտիվիստներն այսօր հանդիպեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանի հետ: Մի քանի րոպե տևած զրույցն ակտիվիստներին չգոհացրեց, քանի որ Ա. Գևորգյանը բառացիորեն կրկնեց այն ամենը, ինչ գրված էր քաղաքապետարանից իրենց ստացած գրավոր պատասխանում:
Վահագն Մինասյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իրենք այլևս հովանոց տեղադրելու ցանկություն չունեն, սակայն շարունակելու են նստացույցը. «Եթե քաղաքապետարանում այդքան մտածում են քաղաքացիների մասին, ուրեմն մեր առողջության մասին էլ պիտի մտածեին և թույլ տային հովանոց տեղադրել»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի հետ հնարավոր հանդիպմանը, ապա այժմ ակտիվիստների շրջանում այս հարցը քննարկվում է, և ստույգ պատասխան դեռևս չտվեցին:
Ակտիվիստ Գոռ Առաքելյանն էլ հավելեց, որ եթե հովանոց տեղադրեն, ապա դա կանեն այնպես, որ քաղաքացիների ազատ տեղաշարժմանը չխանգարի. «Մենք հովանոցի հենակները կդնենք մայթեզրերին, իսկ բարձրությունը կլինի մոտ երեք մետր, որպեսզի ոչ ոքի չխանգարենք: Դա քաղաքացիների համար էլ է լավ, այս տապին մի փոքր տեղ հովով կանցնեն»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































