«Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբի անդամ, լրագրող Ծովինար Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Տնային աշխատանք` հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական, այնուհետև` ժխտական։
Ռուսաստանը «խաղաղարար միջնորդ» երկիր է` եռանախագահողներից մեկը։
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է` Բարեկամության Մեծ Պայմանագրով։
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում։
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե լուծվի Ղարաբաղի հարցը` հօգուտ Ղարաբղի։
Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ կասեցնի սպառազինությունների մրցավազքը և պատերազմը ղարաբաղյան ճակատում, ինչը հղի է հումանիտար նորանոր աղետներով Ղարաբաղի համար։
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե բացվի հայ–թուրքական սահմանը, և սահմանին նրա զորքերի ներկայությունը այդ սահմանին կորցնի իր իմաստը։
Ռուսաստանը հուսալիորեն պահպանում է հայկական սահմանը թուրքական ինտերվենցիայից` գնդակահարելով ցանկացած չոբանի, ով կփորձի որսորդական հրացանով միայնակ գրավել Հայաստանը։
Ռուսաստանը մեծ ներդրում է անում հայաստանյան տնտեսության մեջ` Հայաստանի պարտքի դիմաց վերցնելով գործարանները և չաշխատացնելով, մեկ է` դրանք չէին աշխատելու, գոնե պարտքը կմարեին, հետո՞ ինչ որ մյուսների պարտքերը ներվել են, Հայաստանը հնազանդորեն պետք է մնա «փոքր եղբոր» դերի մեջ։
Ռուսաստանը հայերի նկատմամբ հանդուրժողություն և համակրանք է տարածում` երբեք չհիշատակելով հանցագործությունների հեղինակների և դժբախտ պատահարների ակամա մեղավորների ինքնությունը, մանավանդ եթե նրանք հայ են, պահպանում է նրանց արժանապատվությունը հրապարակային և ոչ հրապարակային գործողություններ կատարելիս, լիարժեք և արդյունավետ պաշտպանության հնարավորություն է տալիս։
Ռուսաստանը Հայաստանին բավական էժան գազ է վաճառում` համեմատած այն բանի հետ, թե ինչ գնի է արժանի Հայաստանը։
Ռուսաստանը զգուշացնում և պատժում է իր «փոքր եղբորը», եթե նա որոշում է, որ կարող է որոշել` հակառակ «մեծ եղբոր» կամքի։
Ռուսաստանը դեմոկրատական երկիր է. այնտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները։
Ռուսաստանում բանտերում միայն քրեական հանցագործներ են և ոչ մի խղճի կալանավոր։
Ռուսաստանում բարձր են գնահատում լեգալ և անլեգալ միգրանտների աշխատուժը և պատժում են այդ աշխատուժը շահագործողներին և թրաֆիքինգի ենթարկողներին։
Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ հարգվում են բոլոր էթնիկական և կրոնական միավորների և եկվորների իրավունքները։
Ռուսաստանը փայփայում է նույնիսկ մեկ հոգու կյանքը` ահաբեկիչների հետ բանակցելիս։
Ռուսաստանը կողմ է դիվանագիտական մեթոդներին և ոչ ուժային մեթոդներին։
Ռուսաստանը չի պարտադրում, Ռուսաստանը հուշում է։
Ռուսաստանը աշխարհի սանիտարն է։
Ռուսաստանը սեր է»։









































