ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ ՍՊԸ-ի տնօրենի կողմից՝ խարդախության և փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանը չի կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները:
Ըստ հաղորդագրության՝ օգտվելով նաեւ մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 12,699.6 հազար դրամ գումար, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում՝ «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի՝ 12,699.6 հազար դրամ, գումար հափշտակելու, իսկ ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ, 325-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով:










































