Անհաջող վերականգնված Ecce Homo որմնանկարը իսպանական Բորհա քաղաք է գրավել ավելի քան 40 հզ. զբոսաշրջիկների՝ հաղորդում է The Daily Telegraph-ը: Քաղաքը հայտնի է դարձել ողջ աշխարհում այն բանից հետո, երբ թոշակառու Սեսիլիա Խիմենեսը «թարմացրել» է տեղի եկեղեցու 19-րդ դարի որմնանկարը: Նրա աշխատանքի արդյունքը ստացել է «Փափկամազ Հիսուս» անվանումը:
Բացի այդ, ոչ կոմերցիոն Sancti Spiritus կազմակերպությունը, որին պատկանում է որմնանկարով եկեղեցին, կարողացել է դրանով վաստակել ավելի քան 50 հզ. եվրո:
Նախատեսվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Խիմենեսը պայմանագիր կկնքի տեղի իշխանությունների հետ, ըստ որի՝ ստացված եկամուտների 49 %-ն իրեն է պատկանելու, իսկ 51 %-ը՝ տեղի իշխանություններին:







































