Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի մահապատժի վայրը կբացվի այցելությունների համար: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով ռումինական մամուլին: Ըստ տվյալների՝ զբոսաշրջիկները կկարողանան Տիրգովիշտում գտնվող ռազմական տարածք այցելել սեպտեմբերին:
Նշվում է, որ այցելուներին ցույց կտան պատը, որի մոտ գնդակահարել են Չաուշեսկուին և նրա կնոջը՝ Ելենային: Պատին վերադարձվել են այն գույները, որոնցով նա ներկված էր ռումինացի առաջնորդի զոհվելու ժամանակ:
Բացի այդ, զբոսաշրջիկները կտեսնեն նաև այն 2 մահճակալները, որտեղ Չաուշեսկու ամուսինները քնել են մահապատժի նախօրեին, ինչպես նաև նրանց պահապանի մահճակալը:
Եվ վերջապես, նախատեսվում է ցուցահանդես բացել՝ նվիրված նախկին ռազմական համալիրի պատմությանը:
Մուտքի տոմսը կարժենա 5 ռումինական լեյ (մոտ 1.5 եվրո):










































