Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր խոսելով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից՝ ասել է, որ մենք ոչխարային բնազդով գնում ենք դեպի Եվրոպա:
Ըստ նրա՝ Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումը երեք խնդիր է լուծում այսօրվա իշխանությունների համար. առաջին՝ Եվրոպան և Արևմուտքը լեգիտիմացնում են իշխանությունը զավթած իշխանությունը, երկրորդ՝ պայմանագիրն այսօրվա իշխանությունների համար մեկուկես միլիարդ եվրոյի խոստումն է. այն, ինչ չեն խոստանում ռուս գործընկերները, իսկ այսօր գանձարանը դատարկ է, երրորդ՝ օֆշորային գոտում գտնվող գողացված, թալանված, կուտակվածը օֆշորային գոտում է. այն, ինչ Ռուսաստանում չկա, և սրա անձեռնմխելիությունն է ապահովում:
«Այս պարագայում մենք առաջարկում ենք երկու նախապայման. առաջին՝ իշխանությունները պարտավոր են ամբողջ Ասոցացման պայմանագրի տեքստը կետ առ կետ մատուցել ժողովրդին, երկրորդ՝ Ասոցացման պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել ռեֆերենդումից հետո»,- ասաց Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ չպետք է անել հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ վիժեցված պայմանագրի կրկնօրինակը:
Նա նշեց, որ Ասոցացման պայմանագրում չկա Արցախի մասին որևէ բան, չկա նաև ռազմական անվտանգության մասին որևէ բան:
Անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման դեմ բարձրացած աղմուկին՝ նա ասաց, որ հանրապետությանը անհրաժեշտ է շուկայի ձևավորման նոր սկզբունք, այսինքն՝ շուկան ձևավորել պետական և մասնավոր կապիտալի միջոցով: Մրցակցությունը և ինքնակարգավորումը պետք կատարվի պետական և մասնավոր սուբյեկտների մրցակցության ճանապարհով:
Ըստ նրա՝ առաջին հերթին մեզ անհրաժեշտ են նոր պառլամենտական ընտրություններ և նոր տնտեսական քաղաքականություն: Իսկ սրա համար էկտոպիկ և անկազմակերպ շարժումները պետք է միավորել միասնական ընդհանուր համազգային շարժման մեջ:
Մարքսիստը հայերին միավորման կոչ արեց: «Քսանհինգ տարի հետո անհրաժեշտ է նոր քաղաքական, նոր տնտեսական բազիս և նոր պետական մեքենա»: Նա նշեց, որ բյուջեի համալրման բոլոր աղբյուները ցամաքեցված են, պետությունից պահանջելու բան չկա, և որ հին ձևով վերևներում չեն կարող ղեկավարել, ներքևներում չեն ուզում, և ինքակամ բարոյահոգեբանական վերելք է:
Ըստ մարքսիստի՝ գաղափախոսությունն է, որ պոռթկման մեջ գտնվող անկառավարելի ամբոխներին դարձնում է մարտնչող ջոկատներ:
Նրա դիտարկմամբ՝ իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է:
Լուսանկարը՝ Photolure-ի








































