Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում իրականացված ահաբեկչության հետ։
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինը վճռականորեն դատապարտել է այդ ստոր և ցինիկ հանցանքը և վստահություն է հայտնել, որ պատվիրատուներն ու կատարողները պատասխանատվության կենթարկվեն։
Պուտինն ընդգծել է, որ տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու և անզիջում պայքար մղելու անհրաժեշտությունը։
Ստամբուլի ահաբեկչությունից հետո Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, որոնցից 30-ը ոստիկաններ են։ Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության համար կասկածում են PKK-ին։










































