«Հայաստանում ձևական, թղթի վրա են մարդու իրավունքները պաշտպանված, բայց բազմատասնյակ քաղբանտարկյալների առկայությունը ապացույցն է, որ իրականում դա չկա»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Մարդու իրավունքները ենթադրում են նաև արժանապատվության իրավունք: Մարդու իրավունքն է ունենալ ազատ և ինքնիշխան հարենիք, պետականություն, իր երկրում ունենալ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք: Այդ արժանապատիվ կյանքը նշանակում է ունենալ ստեղծագործելու հնարավորություն: Իսկ դրա համար պետք է մարդու ֆիզիկական ամենատարրական պահանջները բավարարված լինեն, ինչը չկա մեր երկրում. խոսքը սոցիալական արդարության, քաղաքական ազատությունների մասին է:
Եթե այդ տարրական իրավունքները չեն ամբողջացված, տվյալ երկրում մարդ էակի ստեղծագործելու հնարավորությունը, իրավունքները իր հայրենիքում սահմանափակված են:
ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարվում են, որովհետև նրանց, ովքեր իշխում են մեր երկրում և նրանց արտաքին հովանավորների նպատակն է արգելք հանդիսանալ, որ Հայաստանի քաղաքացին, հայ մարդը իր հայրենիքում լինի ազատ ու ստեղծագործ մարդ»,- նշեց Ա. Ենիգոմշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































