Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բին Աբդուլ Ազիզը խոշոր գումար է նվիրաբերել ահաբեկչության դեմ պայքարին: 100 մլն դոլարի չափով գումարը կուղղվի ՄԱԿ-ի հովանու ներքո Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի կառուցմանը, հայտնում է Saudi Gazette-ը:
Իր ելույթում թագավորը նշել է, որ ահաբեկչությունն արաբների համար ավելի մեծ սպառնալիք է, քան թշնամական պետությունների զենքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր երախտագիտությունն է հայտնել միապետին շռայլ նվիրատվության համար: Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում:
Թագավորի որոշումը ողջունել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա հայտարարել է, որ նման շռայլ նվիրատվությունը վկայում է ահաբեկչությանը համատեղ դիմակայելու հանձնառություն ունեցող միջազգային ինստիտուտներին ուղղված Սաուդյան Արաբիայի աջակցության մասին: