Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 15 դեպքի մասով: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 3 արձանագրություն:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով նախորդ շաբաթ կազմվել է 55 վարչական արձանագրություն:
Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները:
Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է մինչև տարեվերջ, ըստ անհրաժեշտության, իրականացնել, մասնավորապես, փոսալցման աշխատանքներ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման ձեռնարկություններն իրականացնում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման, ինչպես նաև ընկնելու վտանգ ներկայացվող ծառերի էտը: Շարունակվում են նաև աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու, ինչպես նաև կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ոչ բավարար գնահատելով, մասնավորապես, այգիներում տնտեսվարողների կողմից վարձակալած տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ տարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, նաև լուծարել նրանց հետ կնքված պայմանագրերը:









































