Երբ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, ինչի արդյունքում դատապարտյալն արդարացվում է, հաշվարկվում են նյութական կորուստներն ու փոխհատուցվում, իսկ բարոյական վնասի հատուցումը մեր երկրում օրենսդրորեն կարգավորված չէ: Այդ պատճառով նմանատիպ դեպքերում այդ հարցը բարձրացվում է Եվրոպական դատարաններում:
«Պետք է գործն անցնի ՀՀ բոլոր դատական ատյաններով, որը, բնականաբար, չի բավարարվելու, որից հետո գործը հանձնվում է Եվրոպական դատարան, որն էլ գնահատում է: Բարոյական վնասը չափելի չէ. յուրաքանչյուր երկիր մի մոտեցում ունի, արդարացված դատապարտյալը հայց է ներկայացնում ընդդեմ կառավարության և ասում է ՝ քանի որ ձեր դատական սխալի հետևանքով ես դատապարտված եմ եղել անազատության, պնդում էի, դուք չէիք ընդունում, ինձ պետք է այսքան գումարի չափով փոխհատուցում տաք: Բարոյական վնասը փոխհատուցվում է նյութական միջոցներով»,- «Առաջին լրատվական»-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա պնդմամբ՝ պետությունն է խախտում կատարողը, Հայաստանը չունի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ, բարոյական վնասի ներքին օրենսդրական կարգավորում՝ հասցեագրված կոնկրետ պաշտոնատար անձանց՝ ոստիկանություն, դատախազ, դատավոր, բայց եթե Եվրոպական դատարանը որոշում է փոխհատուցել բարոյական վնասը, ապա պետությունն է իր ներքին ընթացակարգերով որոշում՝ ում ինչ չափով պատասխանատվության ենթարկել:
«Օրինակ՝ Միշա Հարությունյանի դեպքում Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում է կատարվել, դատավորը տուգանվեց աշխատավարձի մեկ քառորդի չափով: Մեզ մոտ օրենսդրորեն կարգավորված չէ անհատական անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիրը, բայց դա չի նշանակում, որ քաղաքացինչի կարող քրեական պատասխանատվության հարց բարձրացնել պաշտոնատար անձանց նկատմամբ: Եթե դատարանները չեն կատարում պահանջը, գործը հասնում է Եվրոպական դատարան»,-ասաց Արթուր Սաքունցը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































