«Չերքեզների ցեղասպանության ճանաչումը սխալ որոշում է, քանզի դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆարս և ցինիզմ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի որոշմանը ճանաչել չերքեզական ցեղասպանությունը, նշեց վրաց վերլուծաբան Պաատա Զաքարեաշվիլին:
Նրա դիտարկմամբ Վրաստանը սխալ քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում, քանզի հարևան պետությունների հետ պետք չէ նման քաղաքականություն իրականացնել: Զաքարեաշվիլին նկատեց, որ հաշվի առնելով հարևանների հետ համագործակցությունը և հարաբերությունների բնականոն զարգացումը, Վրաստանը չպետք է ճանաչի ոչ չերքեզական, ոչ էլ Հայոց Ցեղասպանությունը. «և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը մեր հարևաններն են և նման որոշումը կարող է ազդել տարածաշրջանի հավասարակշռության վրա»:
Զաքարեաշվիլին նկատեց, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների. «Բայց չերքեզների ցեղասպանության ճանաչումը երկակի ստանդարտների կիրառում է և իրական սադրանք է, որպեսզի ինչ-որ կերպ ազդել Սոչիի օլիմպիական խաղերի վրա»: