Գերմանիայի հետախուզությունը իր գործընկերներին է տրամադրել պոտենցիալ ահաբեկիչների հեռախոսահամարները: Ինչպես գրում է Sueddeutsche Zeitung-ը, այդ տվյալների օգնությամբ իսլամիստներին հայտնաբերել են Սոմալիում, Աֆղանստանում և Պակիստանում, ապա նրանց ոչնչացրել անօդաչու թռչող սարքերի հարվածներով:
Գերմանիայի հետախուզությունը հաստատել է, որ այդ պրակտիկան գործում է 2003 թվականից:
Թերթը հիշեցնում է, որ 3 տարի առաջ այդ սխեմայով Պակիստանում ամերիկացի անօդաչու սարքը ոչնչացրեց Գերմանիայի մի քաղաքացու, որը կռվում էր իսլամիստների կողմից: Sueddeutsche Zeitung-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը նրա հեռախոսահամարը ստացել էր հենց Գերմանիայի հետախուզությունից:
Երկուշաբթի Գերմանիայում տեղի կունենա խորհրդարանական վերահսկիչ կոմիտեի հերթական նիստը, որը հետաքննում է ամերիկյան հետախուզության կողմից գերմանացիներին գաղտնալսելու սկանդալը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Գերմանիայում սկանդալը ծագեց, երբ Spiegel ամսագիրը տեղեկություն հրապարակեց ամերիկյան և գերմանական հատուկ ծառայության համագործակցության մասին:








































