ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կողմ է արտահայտվել պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին որոշմանը:
«Նախագահը միանգամայն իրավացի է»,- ուրբաթ ասել է նա՝ «ապտակող» համարելով Մոսկվայի որոշումը ԿՀՎ նախկին աշխատակց Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
«Նախագահն իրավացի է Պուտինի հետ երկկողմ հանդիպման համար Մոսկվա չգնալու իր որոշման մեջ: Նրանք ոչինչ չունեն խոսելու»,- նախկին պետքարտուղարի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը» ռադիոն: «Ապտակը, որը Ռուսաստանը հասցրել է ԱՄՆ-ին՝ Սնոուդենին ապաստան տրամադրելով, թույլ չի տալիս Օբամային երկխոսություն ունենալ Պուտինի հետ»:
Ռայսն ընդգծել է, որ եկել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման ժամանակը:
«Նախագահ Օբաման փորձեց «վերբեռնել» հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք մեր կողմից վերբեռնեցինք, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Դրա համար հարցը այն է, թե ինչ շահ ենք հետապնդում Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելով»,- ասել է նա:








































