Նորվեգացի երաժիշտ Վարգ Վիկերնեսը մտադիր է դատի տալ ֆրանսիական իշխանություններին չպատճառաբանված կալանավորման համար: Նա արդեն դիմել է իր երկրպագուներին՝ խնդրելով գումար հավաքել դատական ծախսերը հոգալու համար: Այս մասին հայտնում է Independent-ը:
«Մենք ցանկանում ենք իշխանություններին դատի տալ նրա համար, որ մեզ (Վիկերնեսին ու նրա կնոջը) կալանավորել են առանց որևէ պատճառի ու ամենակոպիտ եղանակով՝ երեխաների ներկայությամբ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ դատարան դիմել, և այլ ելք չունենք, քան ձեզ դիմելը»,- ասվում է Վիկերնեսի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
40-ամյա նեոնացիստական գաղափարների ջատագով երաժիշտն ու նրա 25-ամյա կինը՝ Մարի Կաշեն, ձերբակալվել էին Ֆրանսիայում հուլիսի սկզբին ահաբեկչական գործունեության կասկածանքով:
Իշխանությունները մտավախություն ունեին, որ զույգը կարող էր ահաբեկչություն իրականացնել՝ ինչպես Անդերս Բրեյվիկը 2011թ. Նորվեգիայում:










































