Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամների տեղափոխությունների հետ կապված առեղծվածային պատմությունները շարունակվում են: Մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցները նրանց «ուղարկել» էին Թունիս: Հիմա էլ խոսվում է Բելառուսի մասին:
Այս մասին տեղեկությունը տարածել է BBC-ն, որը միշտ ստուգված կամ իրականությանը մոտ տեղեկություններ է հաղորդում: Սակայն և՛ բելառուսական, և՛ լիբիական իշխանությունները այս տեղեկությունը հերքում են: Interfax-ին տված հարցազրույցում Բելառուսի սահմանային պետական կոմիտեի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշենկոն ասել է, որ Մուամար Քադաֆիի դուստրն ու կինը Բելառուսի պետական սահմանը չեն հատել:
Բելառուսի կողմից Քադաֆիի ընտանիքին ընդունելու մասին տեղեկությունները շրջանառվում են հյուսիսաֆրիկյան պետությունում բախումները սկսվելուց անմիջապես հետո: Այս կասկածները մերկապարանոց չեն, քանի որ այդ հնարավորությունը բացառել հնարավոր չէ: Ղրղզստանում բախումներից հետո Բելառուսում է ապաստարան գտել այդ երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, որի նկատմամբ Ղրղզստանի կողմից հետախուզում է հայտարարվել:






































