Առաջիկայում Հայաստանից ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա, չվերթներ է իրականացնելու «Էյր Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբորը` Վահան Հարությունյանին և նրա գործընկեր Արսեն Ավետիսյանին: Կառավարությունը արտոնագիր է տվել մինչ այժմ բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիային»: Նշենք, որ Վահան Հարությունյանը ժամանակին եղել է սնանկացած «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենը: Մեր ունեցած տեղեկություններով` այսօր ավիափոխադրումներ իրականացնելու ցանկություն ունեն մի քանի ընկերություններ, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Հայկական միջազգային ավիաուղիները»: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, Դուք «Էյր Արմենիա» ընկերության 50 տոկոս բաժնետերն եք: Ճի՞շտ է, որ «Էյր Արմենիան» հավակնություններ ունի ազգային ավիափոխադրող դառնալու և «Արմավիայի» տեղը գրավելու:
– Նախևառաջ ասեմ, որ «ազգային փոխադրող» եզրույթը հաճախ սխալ է գործածվում: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի սահմանման համաձայն, ցանկացած երկրի ավիափոխադրող, որը հիմնականում գործում է այդ երկրում, համարվում է ազգային փոխադրող: Այսինքն` յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ բազմաթիվ ազգային փոխադրողներ: Այնպես որ, եթե խոսքն այն մասին է, որ «Էյր Արմենիան» կարող է դառնալ ազգային փոխադրող, ապա «Էյր Արմենիան» տասը տարի է, ինչ հանդիսանում է ազգային փոխադրող արդեն, ինչպես և «Արմավիան»:
– Սակայն «Էյր Արմենիան» բեռնափոխադրող է, ուղևոր չի փոխադրում…
– Փոխադրման տեսակը նշանակություն չունի ազգային փոխադրող համարվելու համար: …Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Էյր Արմենիան» ուզում է զբաղեցնել «Արմավիայի» տեղը, թե ոչ, պետք է ասեմ, որ «Էյր Արմենիան» իր պատկերացումները ունի, թե ինչպես պետք է կառուցի իր գործունեությունը, և ասել, որ մենք կգրավենք «Արմավիայի» տեղը, ինձ թվում է, այդքան էլ կոռեկտ չի: «Արմավիան» իրականացրել է իր ծրագիրը, մենք ունենք մեր ծրագիրը:
– Պարոն Հարությունյան, չնայած Ձեր ընկերությունը երբևէ չի զբաղվել ուղևորափոխադրումներով, կառավարությունից ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով արտոնագիր է ստացել: Սա ինչպե՞ս կբացատրեք, Ձեր եղբոր` Դավիթ Հարությունյանի կապե՞րն են նպաստել դրան:
– Ասել, որ «Էյր Արմենիան» ուղևորափոխադրումներ չի իրականացրել, դա ոչ այդքան ճշգրիտ տեղեկատվություն է: Մենք ժամանակին իրականացրել ենք որոշակի չվերթներ «Արմավիայի» պատվերով, կոմերցիոն առումով դրանք եղել են «Արմավիայի» չվերթներ, սակայն տեխնիկական առումով այդ չվերթները իրականացրել է «Էյր Արմենիան»:
– Առանց արտոնագրի՞ եք իրականացրել չվերթը:
– Արտոնագրով: Այս գործունեությունը պետության կողմից խիստ կարգավորվող գործունեություն է: …Այնպես որ, եղել է կարճ ժամանակահատված` համարյա երկու տարի, երբ մենք «Արմավիայի» պատվերով կատարում էինք ուղևորային չվերթներ:
– Իսկ ո՞ր ուղղություններով եք ուղևորային չվերթներ կատարել:
– Արդեն չեմ հիշում: Դա «Արմավիայի» գործունեության սկզբում էր, հիմա ես չեմ հիշի: Ուղղությունները որոշում էր «Արմավիան»:
– Պարոն Հարությունյան, փաստորեն Դուք չեք հիշում արդեն այդ չվերթները, բայց կառավարությունը հիշե՞լ է, որ Ձեր ընկերությանն արտոնագիր է տվել, եթե Դավիթ Հարությունյանի գործոնը չկա, կամ իշխանավորների հետ որոշակի համագործակցություն:
– Բայց ես չպայմանավորեցի դա կառավարության հիշելով կամ չհիշելով: Մենք դիմել ենք համապատասխան նշանակումները և իրավունքները ստանալու համար և ստացել ենք այդ նշանակումները` բավարարելով համապատասխան չափանիշներին: Հասկանում եմ, որ Հայաստանում բարեկամական կամ ազգակցական կապերը հաճախ որոշակի դեր են խաղում, բայց կարծում եմ կոռեկտ չէ անընդհատ շեշտել իմ՝ Դավիթ Հարությունյանի եղբայր հանդիսանալու հանգամանքը և փորձել դրա տակ ինչ-որ բան տեսնել:
– Մի փոքր անհասկանալի է, որ կառավարությունը որոշեց 6 ամենաեկամտաբեր ուղղությունները տալ մի ընկերության, որը նոր-նոր սկսելու է զբաղվել ուղևորափոխադրումներով:
– Ո՞ր փոխադրողն է Հայաստանում, որ նոր-նոր չի սկսելու իրականացնել ուղևորային փոխադրումներ: Վաղը, եթե հայտարարվի, որ այսինչ ավիափոխադրողն իրականացնելու է չվերթներ այսինչ ուղղությունով: Այդ փոխադրողի անվանումը ի՞նչ պետք է լինի, որ համարեք, որ այն նոր-նոր չի սկսում այդ գործունեությունը: Վերջին 10 տարում ուղևորափոխադրումներ իրականացնող միակ ընկերությունը եղել է «Արմավիան», որևէ մեկ ուրիշը չի եղել:
– Եղել են որոշակի չվերթներ իրականացնողներ` օրինակ, «Հայկական միջազգային ավիաուղիները»:
– Իրոք, «Հայկական միջազգային ավիաուղիները» կատարում էր ուղևորափոխադրումներ, սակայն կառավարության կողմից այդ գործունեությունը սահմանափակվել էր մեկ տարի ժամկետով` հաշվի առնելով, որ կառավարության որոշմամբ ուղևորային փոխադրումներ կատարելու նախապատվության իրավունքը տրվել էր «Արմավիային»: Դա 10 տարի առաջ էր:
– Այսօր նույն «Հայկական միջազգային ավիաուղիները» և այլ ընկերություններ էլ են հայտ ներկայացնում այդ շուկա մտնելու, ի՞նչ երաշխիք ունեք, որ չեք սնանկանա, եթե «Արմավիան» սնանկացավ:
– Ինչ վերաբերում է «Արմավիային», ես զերծ կմնայի մեկնաբանություններից: Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, կարող եմ ասել, որ մեր երաշխիքը մեր ծրագիրն է, մեր աշխատանքն է: Մենք առաջին օրը չէ, որ իրականացնում ենք գործունեություն այս ոլորտում, ունենք մեր պատկերացումները, մեր ծրագրերը և վստահ ենք, որ կարող ենք իրականացնել այդ ծրագրերը հաջողությամբ: Ես պետք է ասեմ, որ այդ 6 ուղղությունները մեզ չեն տրվել բացառիկ իրավունքով, այսինքն` որևէ այլ փոխադրող կարող է նշանակվել այդ ուղղություններով և իրականացնել գործունեություն: Այսօր չեմ կարող հայաստանյան մրցակիցների մասին կարծիք հայտնել, որովհետև չգիտեմ` ովքեր են այդ մրցակիցները: Ես համարում եմ, որ պետք է կարողանանք մեր ծրագիրն իրականացնել այնպիսի եղանակով, որ կարողանանք մրցակցել հավասարը հավասարի պես:
– Լավ, այսօր Դուք ի՞նչ եք առաջարկելու հայաստանցի ուղևորին, երբ հայտնի է, որ Հայաստանում շատ թանկ են ավիատոմսերը, և մարդիկ ստիպված գերադասում են տանջվելով ավտոբուսներով գնալ Ռուսաստան: Արդյո՞ք Ձեր ծառայություններն ավելի էժա՞ն են լինելու:
– Օդային փոխադրումները վերգետնյա փոխադրումների հետ համեմատել հնարավոր չէ: Մենք չենք կարող մրցակցել վերգետնյա տրանսպորտի հետ: Անկախ նրանից` հայկական այլ ուղևորափոխադրողներ կստեղծվեն, թե չէ, «Էյր Արմենիան» հայտնվելու է մրցակցային դաշտում: Այսօրվա դրությամբ այդ 6 ուղղություններից յուրաքանչյուրով արդեն իսկ կատարվում են չվերթներ մի քանի փոխադրողների կողմից: Մրցակցությունը բնականաբար բերում է նրան, որ մրցակիցները սահմանում են ավելի հրապուրիչ գներ:
– Ձեր ավիատոմսերի գները հրապուրիչ լինելո՞ւ են:
– Անշուշտ: Մենք ձգտելու ենք, որ մեր ծառայությունը և բովանդակային, և գնային առումով լինի հրապուրիչ:
– Պարոն Հարությունյան, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանից, օրինակ, Եվրոպա թռչելը 200 եվրո էժան է, և շատ հայաստանցիներ գերադասում են Վրաստանի թռիչքներից օգտվել: Ձեր ավիաընկերությունը այս առթիվ փորձելո՞ւ է ինչ-որ բան փոխել:
– Եթե խոսքը վերաբերում է low cost carrier-ներին, այսինքն` ցածր սակագնային քաղաքականություն կիրառող փոխադրողներին, ապա պետք է նշեմ, որ դեպի Հայաստան էլ են կատարվում նման չվերթներ: Դա ոչ թե առանձին չվերթներ են ցածր սակագներով, այլ ավիաընկերության գործունեությունն իրականացնելու առանձին եղանակ է: Գնահատականներ տալ, թե որն է ավելի լավ` շատ դժվար է, որովհետև երկու մոդելներն էլ իրենց թերություններն ու դրական կողմերն ունեն…Մենք չենք կիրառելու low cost carrier ծրագիր: Դրա համար անհրաժեշտ է կիրառել այլ մոտեցումներ: Իմ կարծիքով` այս պահի դրությամբ, դա Հայաստանի պայմաններում այդքան էլ իրագործելի չէ:
– Ասել է թե` հայերը շարունակեն Վրաստանից թռչե՞լ:
– Ես դրա համար չասեցի: Մենք ձգտելու ենք իրականացնել այնպիսի ծրագիր, որպեսզի մեր ուղևորները ունենան հնարավորություն մատչելի գներով ճամփորդելու Հայաստանից:
– Պարոն Հարությունյան, Դուք ժամանակին եղել եք «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրեն, իսկ Ձեր ներկա գործընկերը` Արսեն Ավետիսյանը, եղել է գործադիր տնօրենը, և այդ գործունեության արդյունքում փաստորեն «Հայկական ավիաուղիները» սնանկացել է:
– Իսկ ի՞նչ գիտեք մեր գործունեությունից, որ նման հայտարարություն եք անում: Ես «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենը եղել եմ 1997 թվականին: «Հայկական ավիաուղիները» գործել է մինչև 2003 թվականը: 1998թ. դեկտեմբերից հետո ես դուրս եմ եկել «Հայկական ավիաուղիներից», քանի որ չէի կարող համակերպվել որոշ փոփոխությունների հետ, որոնք անխուսափելիորեն բացասաբար կազդեին «Հայկական ավիաուղիների» գործունեության վրա և կբերեին խոշոր վնասների:
– Պարոն Հարությունյան, Ձեր, Ձեր եղբոր` Դավիթ Հարությունյանի և գործընկեր Արսեն Ավետիսյանի անունները կապվում են «Հայկական ավիաուղիների» սնանկացման հետ: Եվ ասվում է, որ շահույթով աշխատող ընկերությունը դարձավ վնասով աշխատող և ի վերջո սնանկացավ ու սեփականաշնորհվեց:
– Իսկ ո՞վ է ասում և ի՞նչ հիմքով է ասում: Ասեկոսեները շատ ավելի շատ են, քան այն տեղեկատվությունը, որը իրական է: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ինձնով կարող էր պայմանավորվել «Հայկական ավիաուղիների» սնանկացումը 2003թ., եթե 1998թ. վերջից որևէ կապ չեմ ունեցել «Հայկական ավիաուղիների» հետ: Իսկ ի՞նչ կապ է ունեցել իմ եղբայրը «Հայկական ավիաուղիների» հետ… Նա արդարադատության նախարարն էր և որևէ կերպ ներգրավված չի եղել «Հայկական ավիաուղիների» գործունեության կամ կառավարման մեջ: Ինձ համար ցավալի է, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սնանկացավ: Իմ գործընկեր Արսեն Ավետիսյանը, ես և մեր այլ թիմակիցները «Հայկական ավիաուղիներում» աշխատելու ժամանակ ջանք չենք խնայել ընկերության զարգացումն ապահովելու համար:







































