Իտալիայի սենատն այսօր դեմ է քվեարկել խորհրդարանականների շարքից Սիլվիո Բեռլուսկոնիի հեռացման հարցի շտապ կարգով քննարկման առաջարկին՝ Mediaset-ի գործով խարդախության համար նրա դատավճռի հաստատումից հետո:
Համապատասխան փաստաթուղթը քննարկման էին ներկայացրել ընդդիմադիր «5 աստղի շարժման» սենատորները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Արդյունքում կողմ են քվեարկել միայն նրանք և «Ձախեր, էկոլոգիա, ազատություն» կուսակցության սենատորները:
Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունն ու Դեմոկրատական կուսակցությունը պահպանել են իրենց կոալիցիան՝ միակ հնարավորը Էնրիկե Լետայի ներկայիս կաբինետի պահպանման համար:
Վերջին ընտրություններում Բեռլուսկոնիի մասնակցության օրինականության հարցի քննարկումը, որի արդյունքում նա սենատ է անցել, երեկ հատուկ հանձնաժողովը հետաձգել է մինչ սեպտեմբերի 9-ը:









































