2008թ.-ին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ, ՀՀ-ն կարողացավ հաղթահարել ռուսական ճնշումները և չմասնակցել ռուսական ագրեսիային, ՀՀ-ին չկարողացան օգտագործել Վրաստանի դեմ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը՝ ռուս-վրացական պատերազմից 5 տարի անց գնահատելով ՀՀ որդեգրած դիրքորոշումը երկու գործընկեր երկրների միջև:
Վան Բայբուրդը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը պատերազմի ժամանակ չափազանց գրագետ էր: Նա հիշեցրեց, որ խոսակցություններ էին գնում, թե Ռուսաստանը Հայաստանին ուզում է ստիպել ինչ-որ կերպ մասնակցել ռուսական ագրեսիային, բայց ՀՀ-ն դուրս եկավ այդ իրավիճակից՝ տեղի չտալով ռուսական սադրանքներին, Հայաստանը չմասնակցեց այդ սադրանքներին, ընդհակառակը՝ օգնեց Վրաստանին:
«Վրաստանում ՌԴ-ն այդ պատերազմի ժամանակ միտումնավոր կերպով կամուրջներ պայթեցրեց, Հայաստանն ուղարկեց իր հատուկ ջոկատայիններին, որոնք եկան և տեղում սկսեցին օգնել երկաթգծայիններին՝ վերականգնելու այդ կամուրջը: ՀՀ դիրքորոշումը շատ ճիշտ էր: Այդ կամուրջները պայթեցնելով՝ փակվել էր Բաթում-Թբիլիսի երկաթգիծը, որով հազարումեկ բեռներ էին տեղ հասցնում, այդ թվում՝ ՀՀ բեռները Փոթիից դեպի Հայաստան, ցիստեռններով նավթային հումք էին տանում: Այդ ամենը միտումնավոր արեցին:
Մեր ընդհանուր թշնամիները տարածում էին լուրեր՝ իբր Հայաստանից են ինչ-որ ինքնաթիռներ թռչել Վրաստան, բայց դա սուտ էր: Հայաստանը ռուսական կողմին ասել էր, որ ՀՀ տարածքը երբեք չի օգտագործվի Վրաստանի դեմ: Սա հստակ ասվել էր, և այդպես էլ եղավ, ու այդպես էլ կլինի առաջիկայում»,- ասաց Վան Բայբուրդը՝ հավելելով, որ Հայաստանին չեն կարող ներգրավել հակավրացական գործողություններում:







































