Միացյալ Նահանգներում ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի դերը տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցում:
Այս արտահայտությունը առաջին հայացքից Ադրբեջանին ուղղված ռևերանսի պես մի բան է, սակայն իրականում նախազգուշացում է Բաքվին, որ Վաշինգտոնին ամենևին դուր չի գա, եթե Բաքուն կատարի քայլեր, որոնք կսպառնան տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնին Բաքուն այսպես է «դուր գալիս», հետևաբար Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի՝ կատարել ռազմատենչ քայլեր ու ԱՄՆ-ի համար դառնալ «անդո՞ւր», թե՞ շարունակել դուր գալ կայունության ու անվտանգության կոնտեքստում:
Վաշինգտոնի մեսիջները հատկապես հետաքրքրական են հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին տեղի ունեցող սադրանքների ֆոնին, որ գալիս են ադրբեջանական կողմից: Չի բացառվում, որ հենց այդ սադրանքներն էլ Վաշինգտոնին մղել են Աբիևին թափանցիկ կերպով հասկացնելու, որ ԱՄՆ-ի տեսապատկերում տարածաշրջանային պատերազմը անցանկալի երևույթ է:
Միգուցե մի քանի տարի առաջ սահմանային միջադեպերը նման մտահոգությունների տեղիք չտային, սակայն այսօր իրավիճակը տարածաշրջանում իսկապես հակասական է: Ռուսաստանը, փորձելով ակտիվացնել քայլերը՝ տարածաշրջանում իր տեղը չկորցնելու համար, բավականին ակտիվորեն շրջանառության մեջ է դրել պատերազմի գաղափարը: Ընդ որում, այդ գաղափարը ռուսաստանյան և հայաստանյան որոշ խոսնակների միջոցով փորձ է արվում, այսպես ասած, բարդել Հայաստանի վրա. Հայաստանը գնում է Եվրամիության հետ ասոցացման, հետևաբար սրանով իսկ տարածաշրջանը տանում է պատերազմի և այն էլ՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր ելքով, քանի որ Ռուսաստանը մեզանից նեղացած է և կպաշտպանի Ադրբեջանին:
Այս մանիպուլյացիոն մեխանիզմների ներդրումը ստեղծել է մի իրավիճակ, երբ իսկապես դժվար է ասել, թե ինչ կլինի այս կամ այն սադրանքի դեպքում: Այս իմաստով Վաշինգտոնն, ըստ ամենայնի, հարկ է համարել որոշակի կանխարգելիչ քայլ կատարել՝ Ադրբեջանին հասկացնելով, որ պատերազմն այնքան էլ լավ գաղափար չէ Հարավային Կովկասում:
Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ Ադրբեջանը կլսի՞ Վաշինգտոնին: Մեղմ ասած, տարօրինակ կլինի, եթե Վաշինգտոնի զգուշացումը Ադրբեջանն արհամարհի: Առավել ևս, որ Բաքվին շատ ավելի կոնկրետ նախազգուշացում ԱՄՆ-ից հղեցին Ջոն Քերիի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ մայիսին Վաշինգտոնում հանդիպեցին Քերին ու Մամեդյարովը: Քերին հիշեցրեց Ադրբեջանի բազմազգ լինելու մասին: Իսկ բազմազգ Ադրբեջանը բոլորին հայտնի վառոդի տակառ է: Իսկ նկատի ունենալով նաև այն, որ Ադրբեջանում նավթ և գազ կա, որոնք բռնկվող նյութեր են, իսկ իշխանությունն էլ հիմնված է հենց այդ բռնկվող նյութերի վրա, կարելի է պատկերացնել, թե պայթյունն ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար:
Այնպես որ՝ չարժե, որ Բաքուն ականջի հետև գցի ԱՄՆ-ի գնահատականը՝ տարածաշրջանային կայունության բարձր դերի մասին: Ավելի լավ է դերը լինի բարձր, քան բարձրանա Բաքվի ջերմաստիճանը:





































