ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը։ Այսպիսով՝ Հայաստանում կուսակցականացվում է նաև պաշտպանական ոլորտը։
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առհասարակ պաշտպանության նախարարությունում վերջին փոփոխությունները բավականին խնդրահարույց են և վստահություն չներշնչող. «Ե՛վ պաշտպանության նախարարի նշանակումը, և՛ 1000 դրամի այդ նախաձեռնությունը, միևնույն ժամանակ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի նշանակումը, որը ամբողջովին տեղավորվում է շոումենական տրամաբանության մեջ՝ մտածելու տեղիք է տալիս։ Երբ Հայաստանը դեռ գտնվում է պատերազմական իրավիճակում և բոլորովին խաղաղության հնարավորությունների նախապատրաստման ճանապարհ չի անցնում, տարօրինակ և խնդրահարույց եմ համարում առհասրակ բոլոր այս փոփոխությունները»։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ բանակը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, իսկ սրանով բավականին թուլանում է այդ պատկերի հեռանկարը. «Դեռևս 2012 թվականին երբ օրինագիծ առաջ քաշվեց և փաստորեն արյդունքում նշվեց, որ բանակը երբեք չպետք է խառնվի ներքաղաքական զարգացումներին, հավաստիացնում էին, որ պաշտպանության նախարարը չի լինելու կուսակցական մարդ և ներքաղաքական իրադարձությունների ժամանակ բանակի մասնացկությունը կլինի այն ժամանակ, երբ լրջագույն ճգնաժամ կառաջանա։ Հիմա, երբ Վիգեն Սարգսյանը դառնում է կուսակցական, նշանակում է, որ իր կուսակցական շահերը կարող են ավելի բարձր դասվել, քան ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլ խնդիրներ։ Մենք գիտենք, որ ՀՀԿ-ն հենց այն կուսակցությունն է, որ բոլոր խնդիրները երկրորդական է դիտարկում իր շահը դիտարկելու ճանապարհին»,- եզրափակեց Զ. Հովհաննիսյանը։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանն այս որոշումը տարօրինակ չհամարեց, ասաց՝ Վիգեն Սարգսյանն իրականում վաղուց էր հանրապետական. «Ես հաստատ գիտեմ, որ նա եղել է Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։ Եվ այստեղ էական չէ նա կուսակցական տոմս ունեցել է, թե ոչ։ Նոր Սահմանադրությամբ չգիտեմ ինչպես է, բայց կարծում եմ ձևական կողմը գոնե պահպանել են և օրենքի խախտում չէ։ Պարզապես պետք է հասկանալ, որ Հայաստանը բոլորովին այլ վիճակում է, այլ ավանդույթներ ունի, բայց միևնույն ժամանակ էլ մեր բանակի հիմքը մնում է սովետական բանակը»։
Հետաքրքրվեցինք, արդյոք հնարավոր պատերազմի դեպքում, երբ անհրաժեշտություն լինի, որ նախարարը դիմի ժողովրդին, ավելի լավ չէ՞ր լինի եթե նա լիներ անկուսակցական և ոչ ժողովրդի աչքերում վարկաբեկված ՀՀԿ-ական, Սուրեն Զոլյանն արձագանքեց. «Եթե խոսքը կոնկրետ Վիգեն Սարգսյանի մասին է, ապա նա իր համար պարզապես խորհրդարան գնալու հնարավորություն է ստեղծում։ Այն, որ նա որպես պաշտպանության նախարար պետք է դիմի ժողովրդին՝ մի փոքր չեմ պատկերացնում»։ «Ո՛չ նա, ո՛չ էլ Գլխավոր շտաբի պետը այն մարդիկ չեն, ում խոսքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ»,- եզրափակեց Սուրեն Զոլյանը։










































