Իրանցի արտահանողները չեն ցանկանում ընդլայնել բիզնեսը՝ կապված երկրի ընթացիկ տնտեսական խնդիրների հետ: Այդ մասին հայտարարել է Թեհրանի Առևտրի պալատի ղեկավար Յախյա Ալ-է Էշադը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի արտահանումը կտրուկ նվազել է առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ»,- Էշադի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
Իրանը պլանավորում է ընթացիկ տարում արտահանել առնվազն 60 մլրդ դոլարի նավթային մթերք, բայց այդ նպատակը չի կարող իրականանալ, եթե կառավարությունը լուրջ փոփոխություններ չկատարի համակարգում՝ նշել է նա:
«Բացի արտաքին խնդիրներից ու պատժամիջոցներից՝ որոշ ներքին խնդիրներ, ինչպիսիք են հարկերը, նույնպես ազդում են Իրանի արտահանման վրա»,- հավելել է Էշադը:








































