«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
– Տիկին Փոստանջյան, մի քանի օր է ԱԺ-ում քննարկվում է ՊՆ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկումը: Շատ խոսվեց այն մասին, որ եկեք այդ գումարները վերցնենք նրանցից, ովքեր տարիներ շարունակ հարստացել են հենց այդ գումարների հաշվին: Մենք տեսանք նաև, թե ինչպես է գեներալ Սեյրան Սարոյանն ասում՝ մի քանի հոգի են նրանք, մի սևեռվեք նրանց վրա, եկեք ազգովի համախմբվենք այս 1000 դրամների շուրջ և օգնենք բանակին:
Ի՞նչ տրամադրություններ են, իշխանությունն ասում է, որ սա ընդդիմության համար նախընտրական ակցիա է, հակառակ դեպքում հերթ էին կանգնելու այսպիսի նախագծի տակ ստորագրելու: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
– Չեմ կիսում ո՛չ Սեյրան Սարոյանի, ո՛չ իշխանության, ո՛չ էլ պաշտպանության նախարարի կարծիքները: Հասկանալի է, որ այս օրինագիծը վերաբերվելու է որոշ մարդկանց, ովքեր, Աստված չանի, ապագայում կզոհվեն կամ վիրավորում կստանան և կունենան առողջության հետ կապված խնդիրներ: Այսինքն՝ այնպիսի դեպքերին պետք է վերաբերվի, որոնց մենք դեռ պետք է սպասենք: Այսինքն՝ եթե ունես երեխա, ով զորակոչվում է ազգային Զինված ուժեր, նրանց նկատմամբ այս օրենքը չի տարածվելու, եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի: Տարածվելու է շատ սակավ մարդկանց վրա, ովքեր ապագայում իբրև թե պետք է մասնակից լինեն պատերազմական գործողությունների կամ ինչ-որ հատուկ գործողությունների, միայն նրանց պետք է վերաբերվի այս օրենքը: Մինչդեռ մենք հասկանում ենք, որ երբ մեր երեխաները զորակոչվում են ազգային Զինված ուժեր, նրանք միշտ պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից՝ մասնակցելու են զուտ պատերազմական գործողությունների, թե ոչ:
Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ այսպիսի մոտեցումը՝ 1000 դրամների հավաքագրումն արդար չէ: Առանց այն էլ մեր հասարակությունը վճարում է հարկերի տեսքով: Գումարները հավաքագրվում են պետական բյուջեում, բայց չեն ծառայում իրենց նպատակին: Պետական բյուջեն պետք է օգտագործվի հիմնականում 4 ուղղությամբ՝ պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այդ միջոցները օգտագործվում են տարբեր առիթներով և չարաշահումների ներքո: Եվ այդ հանրային միջոցները մեզանից օտարվում են առանց իրենց նպատակին ծառայելու:
Սեյրան Սարոյանը խոսեց այն մասին, որ հարուստները չեն տալու, մենք խոսում ենք ոչ թե հարուստների գումարների մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր ապօրինի են հարստացել: Դու չես կարող շուրջ 25 տարի լինել պետական պաշտոնյա և ունենալ հսկայածավալ հարստություններ, միլիարդավոր դոլարներ: Մենք խոսում ենք այն մասին, որ այդ գողությունը, այդ յուրացումը, որ տեղի է ունեցել, դրան պետք է վերջ դրվի, և այդ յուրացված գումարները պետք է վերադարձվեն բյուջե: Եվ բյուջեում արդեն իսկ այդ գումարների ներքո պետք է ստեղծվի և հիմնադրամ, և հոգան մեր զինծառայողների խնդիրները: Մինչդեռ տեսնում ենք, որ ոչ: Ստեղծվում է ևս մեկ հիմնադրամ նախընտրական շրջանում, որը պետք է օգնի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իրականացնելու համար: Մենք տեսանք, թե ինչպես իր ընտանիքին պատկանող մեկ այլ հարկահավաք կազմակերպությունից, որը կարմիր գծերի և տեսախցիկների միջոցով հսկայածավալ, միլիոնավոր գումարներ էր հավաքվում, նրանից վերցրեցին և փոխանցեցին իբրև թե պետական բյուջե, այսինքն՝ մասնավորից փոխանցվեց և պետության վերահսկողության ներքո է գտնվում որպես սեփականություն, բայց կարելի է ասել, որ այս պահին այդ բյուջեն կտնօրինի Կարեն Կարապետյանը: Բայց հիմա նրանց անհրաժեշտ է մեկ այլ բյուջե, և հենց այս հիմնադրամի միջոցով այդ մեկ այլ բյուջեի ձևավորման խնդիրն են նրանք լուծում:
– Ինչո՞ւ ի վերջո որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց բանակից գումարներ շորթելու համար, մինչդեռ ամենաշատը խոսվում էր հենց պատասխանատվության ինստիտուտի բացակայության մասին: Այսինքն՝ քանի դեռ պատասխանատվության ենթարկվածներ չկան, վստահություն, ցանկացած նման ծրագրի նկատմամբ չի՞ լինելու:
– Միանշանակ չի կարող լինել վստահություն, որովհետև ոչ միայն բանակում է տեղի ունեցել չարաշահում, այլ ամբողջ մեր բյուջեն չարաշահման հետևանքով ուղղակի մսխվել է, չի ծառայել իր նպատակին, դրա մասին վկայում են Վերահսկիչ պալատի զեկույցները, դրա մասին վկայում են բոլոր հայտարարությունները, բոլոր այն հետաքննություները, որ արվել են հրապարակայնորեն, այդ մասին փաստորեն բարձրաձայնվել է, բայց չկա իրավապահ մարմինների կողմից արձագանք: Եվ հետո չմոռանանք, թե ով է այսօր պաշտպանության ոլորտի թիվ մեկ պատասխաատուն. Սերժ Սարգսյանն է: Տարիներ շարունակ, դեռ 90-ականներին նա եղել է Արցախի հիմնական մթերումների, տեխնիկայի և այլնի պատասխանատուն, հետագայում նա դարձել է պաշտպանության նախարար, հիմա էլ հանդիսանում է Զիված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հետևաբար առաջին յուրացնողը, առաջին չարաշահողը, առաջին մեղավորը հենց Սերժ Սարգսյանն է, և իրենից պետք է սկսեն, բայց արդյո՞ք կհամարձակվեն նրանից սկսել: Ուղղակի մի քանի հոգի հեռացվեցին համակարգից, բայց դա հարցի լուծում չէ, հրապարակայնորեն հայտարարվեց այդ մասին, բայց…
– Անուններ կա՞ն, ասվում է, որ այդ գեներալները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
– Եթե մենք ասում ենք անուններ, ապա մենք ցանկանում ենք տեսնել արդար, թափանցիկ քննություն, եթե դու արդար թափանցիկ քննություն չես իրականացնելու, ուղղակի անուններ նշելով, մեկից վերցնում ես սեփականությունը և օտարում ես անօրեն մեկ այլ անձի, դա դեռ չի նշանակում, որ մենք հասնում ենք արդարությանը, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը լուծում է ստանում: Ասում են՝ հնչեցրեք անուններ, իսկ անուններ նույնիսկ հնչեցնել պետք չէ, ամեն ինչ պարզ է, նորից եմ կրկնում՝ պետք է սկսել հենց Սերժ Սարգսյանից: Իսկ որևիցե մեկը ցանկանո՞ւմ է այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, չէ՞ որ պատերազմում մեր պարտվելու, հիմնական պատասխանատուն մեր պարտության համար հենց Սերժ Սարգսյանն է, հայկական պետականության տարածքային ամբողջականությունը խախտված է այս պահին, 800 հա (իրենց հայտարարությամբ) տարածքն այսօր բռնազավթված է, իսկ դրա պատասխանատուն առաջին հերթին Սերժ Սարգսյանն է, և մենք հասկանում ենք, որ առաջինը հենց իրենից պետք է սկսենք:









































