«Հայաստանի քաղաքական դաշտում մի տարածված կոպիտ սխալ կար, որը վերջերս վերակենդանացել է, դա այն է, որ անընդհատ նշվում է՝ եկեք ստեղծենք ընդդիմադիր բևեռ և պայքարենք իշխանության դեմ: Ընտրություններին մասնակցում են ոչ թե ընդդիմությունը և իշխանությունը, այլ քաղաքական ուժերը, և պետք է պայքարեն ոչ թե իշխանության դեմ, այլ ՀՀԿ-ի, ինչ-որ չափով նաև ՀՅԴ-ի դեմ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմություն են հանդիսանում նաև «Լուսավոր Հայաստան»- ը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, բայց նրանք տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանի ապագայի համար և չեն կարող ընդդիմադիր դաշինք կազմել. «Այսինքն՝ ընդդիմադիր դաշինքի հիմքում ոչ թե դրվում է քաղաքական ուժի կարգավիճակը՝ ընդդիմադիր կամ իշխանական լինելը, այլ նրանց ասելիքը, ծրագիրը»:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեն տարբեր ուղղություններ ունեցող քաղաքական ուժեր՝ ռուսամետներ, արևմտամետներ, խառնամբոխ: «Կուսակցությունների դաշինք կազմելը հնարավոր տարբերակներից մեկն է, բայց կա ամբիցիաների խնդիր, չեմ կարող ասել՝ ամբիցիաները թույլ կտա՞ն միավորում ստեղծել, թե ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































