Մոլդովայի նախագահի սոցիալիստ թեկնածու Իգոր Դոդոնը, որը համարվում է ռուսամետ թեկնածու, հայտարարել է ընտրական երկրորդ փուլում իր հաղթանակի մասին։
«Վստահաբար կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք այս նախագահական ընտրություններում։ Դեռևս շարունակվում է քվեարկությունն օվկիանոսից այն կողմ։ Սակայն ներկա պահին մենք արդեն ստացել ենք 50%+1 ձայն։ Մենք հաղթել ենք»,-նրա հայտարարությունն է մեջբերում RIA Novosti-ն։
Երկրի ԿԸՀ-ն հայտարարել է, որ արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո Դոդոնն առաջատար է՝ հավաքելով ավելի քան 55 տոկոս ձայն։
Նախագահի պաշտոնի համար պայքարող երկրորդ թեկնածուն՝ Մայա Սանդուն, ով հանդես է գալիս հօգուտ երկրի եվրաինտեգրման կուրսի, պահանջել է ԿԸՀ ղեկավարության հրաժարականը՝ հայտարարելով, որ ընտրությունների ընթացքում թույլ են տրվել լուրջ խախտումներ։
«Ընտրությունները դեռևս չեն ավարտվել, սակայն դրանք արդեն կեղծված են։ Մոլդովայի քաղաքացիները զրկված են եղել ձայնից։ Դա միտումնավոր է արվել»,-ասել է նա։
Սայդուի կարծիքով՝ արտերկրում բացվել էին անբավարար թվով ընտրատեղամասեր, ինչպես նաև առաքվել անբավարար թվով քվեաթերթիկներ։








































