Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Բելառուսն ու Թուրքիան ունեն համատեղ համագործակցության համար բազմաթիվ ոլորտներ, ինչը մասնավորապես առնչվում է տնտեսական ոլորտին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ երջանիկ է Մինսկ այցելելու համար՝ հավելելով, որ Թուրքիան Բելառուսի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է։ Էրդողանի խոսքերով՝ Բելառուսի տնտեսությունում Թուրքիայի կատարած ներդրումների ծավալը կազմում է 1.5 միլիարդ դոլար։
Ընդգծվում է, որ ներկայիս այցը Էրդողանի առաջին այցն է Բելառուս, այցի ժամանակ նրան ուղեկցել են 200 գործարարներ։ Երկու երկրները ստորագրել են 9 փաստաթուղթ, որոնք առնչվել են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև խաղաղ նպատակներով ատոմային ոլորտում համագործակցելուն։
Երկու երկրների առաջնորդների ներկայությամբ ստորագրվել է 2016-2017 թվականներին Բելառուսի ու Թուրքիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների պլան։
Համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել նաև բելառուսական «Բելտա» և թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունները։ Էրդողանը Մինսկում մասնակցել է մզկիթի բացման արարողակարգին։










































