Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:
Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև կադրերի վերապատրաստման և ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տևող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել:
Սուրեշ Բաբուն ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, և հավաստիացրել, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու և ընդլայնվելու է:






































