The Times-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կտեղափոխվի Սպիտակ տուն, վերջինիս ճաշացանկը զգալիորեն կփոխվի։
Երբ նախագահի նստավայրում կհայտնվի նոր տեր նրա համար կպատրաստվեն ամերիկյան ավանդական ուտեստներ, ինչպիսիք են տապակած ճտերը, բուրգերները, կարտոֆիլի ֆրին, քանի որ հենց դրանք են ավելի շատ դուր գալիս 70-ամյա Թրամփին։
Թերթը նաև ենթադրել է, որ նախագահը կցանկանա ձերբազատվել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի կողմից 2009 թվականին Սպիտակ տան տարածքի հարավային հատվածում ստեղծված պարտեզից։
Թերթի կարծիքով՝ Թրամփը կարիք չի ունենա նման քանակի թարմ բանջարեղենի ու մրգերի, իսկ դաշտը նրան պետք կգա սիրելի զբաղմունքի՝ գոլֆ խաղալու համար։
Բացի այդ, թերթը կարծում է, որ Թրամփը կսկսի սեփական խաղողի գինու մատակարարումները Սպիտակ տուն (Թրամփին են պատկանում Վիրջինիա նահանգում գտնվող Trump Vinery խաղողի այգիները)։
Իսկ ահա նրա համար միս կպատվիրեն այլ մատակարարներից, քանի որ ժամանակին ԱՄՆ-ում հայտնի Trump Steaks սթեյք արտադրող ընկերությունն իր գոյությունը դադարեցրել է 2014 թվականին։
2016 թվականի օգոստոսին Թրամփը TMZ առցանց պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եթե դառնա նախագահ, ապա ոչ մի բան չի փոխի նախագահական նստավայրում, քանի որ կարծում է, որ Սպիտակ տունը հատուկ տեղ ու նշանակություն ունի։











































