Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա։ Նախարարն այդ մասին այսօր հայտարարել է Բունդեսթագում։
Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ էին անցկացվել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պատգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել Թուրքիայի իշխանությունների գործողություններով, որոնք հալածում են անկախ լրագրողներին ու ընդդիմադիր քաղաքական գործիչներին։
Շտայնմայերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 15-ին։ Սրանից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն իր գերմանացի գորխընկերներին մեղադրել էր ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին բավականաչափ չաջակցելու, ինչպես նաև իր տարածքում «ահաբեկիչներին ապաստան տալու» համար։
Դա հիմնականում վերաբերում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին։ Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին Գերմանիա են ուղարկել մոտ 4000 դիմում, որոնք առնչվել են PKK-ականներին արտահանձնելուն։
Անկարայի տվյալներով՝ այդ դիմումներից ոչ մեկն էլ չի բավարարվել։








































