Ադրբեջանում դեռևս չեն կարողանում տարբերակել Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի պետական դրոշները, ինչի պատճառով զվարճալի միջադեպ է տեղի ունեցել, որը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Ազգային դրոշի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Դաշքեսանի շրջանի ղեկավար Ահադ Աբիևը բռունցքով հարվածել է թիթեղից պատրաստված Կոլումբիայի դրոշին՝ այն շփոթելով ՀՀ դրոշի հետ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը, ի պատասխան Կոլումբիայի պետական դրոշը կոտրելու տեսարանը պատկերող լուսանկարների տարածումից բարձրացած աղմուկի` Աբիևը սկսել է արդարանալ, թե կոտրելու ժամանակ իմացել է, որ իր դիմաց Հայաստանի դրոշն է, պարզապես հակառակ կերպով շրջված:
«Նրանք, ովքեր Հայաստանի դրոշը ներկայացնում են որպես Կոլումբիայի դրոշ, գործում են հայերի օգտին»,- հայտարարել է Աբիևը:
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերն ու լրատվամիջոցները մեղադրանքներ են հղել Դաշքեսանի ղեկավարի հասցեին այն բանի համար, որ նա հայկականի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը:









































