Մասնագետները եկել են այն եզրակացության, որ Satis գերտեխնոլոգիական ճապոնական զուգարանակոնքերը անպաշտպան են հաքերներից:
Ամբողջությամբ համակարգչից կախված «խելացի զուգարանակոնքը» ապահովում է ջրի ավտոմատ բաց թողնումը, տաքացնում է նստատեղը, երաժշտություն է միացնում և անուշաբույր հոտ է արձակում: Այն ունի նաև օդամաքրման, ջրի և օդի ախտահանման համակարգեր:
Զուգարանակոնքը արտադրվում է ճապոնական Lixil ընկերության կողմից: Այն արժե 5865 դոլար և ղեկավարվում է սմարթֆոնների Android համակարգի My Satis անվանումը կրող հավելվածով:
Սակայն պարզվել է, որ նման զուգարանակոնքերըը հնարավոր է վերահսկել ցանկացած հեռախոսից, որի վրա տեղադրված է անհրաժեշտ հավելվածը:
Ինչպես հաղորդում է Trustwave’s Spiderlabs ընկերությունը՝ ցանկացած չարագործ կարող է ներբեռնել այդ ծառայությունը իր հեռախոսի վրա և այդ մակնիշի ցանկացած զուգարանակոնք ենթարկել իրեն՝ բացել ու փակել կափարիչը, միացնել ու անջատել օդափոխման համակարգը և այլն:
Իհարկե, դրա համար հարկավոր է ավելի մոտ հայտնվել զուգարանակոնքին, քանի որ այն ենթարկվում է հրահանգներին, եթե հեռախոսը 10 մ-ից հեռու չէ:








































