«Կանաչների» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Մարիլուիզ Բեկը նախազգուշացրել է Գերմանիայում կայանալիք առաջիկա ընտրություններում Մոսկվայի միջամտության սպառնալիքի մասին։ Այս մասին նա ասել է The Huffington Post-ի հետ հարցազրույցում։
«Դեռևս ուկրաինական ճգնաժամի սկզբից Ռուսաստանը փորձել է ազդեցություն ցուցաբերել գերմանական հասարակության վրա նպատակաուղղված քարոզչության օգնությամբ։ Կասկած չկա նրանում, որ 2017 թվականին ընտրությունների մոտենալուն զուգահեռ Մոսկվան կակտիվացնի իր ջանքերը»,-կարծում է Բեկը։
Նրա կարծիքով՝ ռուսական քարոզչությունը նպատակաուղղված է կանցլեր Անգելա Մերկելի դիրքերը թուլացնելուն և սոցիալ-դեմոկրատների դիրքերն ամրապնդելուն, քանի որ նրանք աջակցում են Մոսկվայի հանդեպ դեէսկալացիայի քաղաքականությանը։ Բացի այդ, Ռուսաստանին ձեռնտու է, որ գերմանացիներն իր կողմը բռնեն՝ տեսնելով սպառնալիք ի դեմս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի։








































