1968 թվականից օգոստոսի 7-ը հռչակվել է որպես ասորիների ցեղասպանության օր: Հիշատակի նախորդ օրը «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը և նույն միության անդամ Ռազմիկ Խոսրոևը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ասորիների ցեղասպանությունը շարունակվում է Իրաքում, որն իրենց պատմական հայրենիքն է:
Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից տարածքում՝ ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, օգոստոսի 7-ին, ժամը 15-ին, պատարագ կմատուցվի:
«Ինչպես հայերը, այնպես էլ ասորիները Օսմանյան Թուրքիայի պահանջատերն են: Եվ հայերը, և ասորիները մոտենում են ցեղասպանության 100-ամյակին: Այն ազգերը, որոնք ցեղասպանություն են տեսել, շատ բան ունեն անելու: Ես կուզեի, որ այդ ամենն արվեր միասին»,- նշեց «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը:
«Աթուր» ասորիների միության անդամ Ռազմիկ Խոսրոևը ցեղասպանության պատմությունն ու փաստերը հիշատակելուց հետո ասաց. «Ես կարծում եմ` 100-ամյակը ոչ թե պիտի սահմանափակվի երկու տխուր ֆիլմի ցուցադրությամբ, այլ այնպիսի մի բան արվի, որ թույլ կտա ազատվել այն անլիարժեքության ախտանիշից, որով տառապում են ցեղասպանություն տեսած ժողովուրդները և հատկապես տարածք չունեցող ասորիներս»:











































