Սերժ Սարգսյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի վերաբերյալ: Այս հասկացությունները հասարակության շրջանում ըստ էության նույնականացվում են եռագլուխ մի հրեշի կամ դևի հետ, որը անցնող տարիների ընթացքում միլիարդավոր դրամներ է հանել հասարակության գրպանից՝ ստիպելով վճարել ինչ որ մասնավոր ընկերությունների, որոնց ինչ որ ձևով տրվել է այս ոլորտներում ըստ էության մենաշնորհային կարգավիճակ:
Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ այս ամենը չի ունեցել հասարակության գրպանից գումարներ հանելու նպատակ, այլ կրել է կանխարգելիչ բնույթ: Այս կանխարգելիչ բնույթը իհարկե իսկական սոցիալ-հոգեբանական պատուհաս է դարձել Հայաստանի տասնյակհազարավոր քաղաքացիների համար, որոնք այս տարիների ընթացքում ըստ էության միլիարդներ են կորցրել, կորցրել են նյարդեր, քայքայել առողջություն: Հիմա, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, և Հայաստանն ըստ էության գտնվում է նախընտրական շրջանում, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ քաղաքացիներից միլիարդներ կորզած մասնավոր ընկերությունները «որոշակի ֆինանսական հարցեր լուծել» են, և ժամանակն է մի քիչ էլ հասարակական շահի մասին մտածել:
Դրա մասին մտածելու համար Սերժ Սարգսյանը տասը օր ժամանակ է տվել ոստիկանությանը և Երևանի քաղաքապետարանին, որ փոփոխությունների վերաբերյալ որոշումներ կայացնեն, սակայն չոտնահարելով տվյալ մասնավոր ընկերությունների սեփականության իրավունքը: Այսինքն՝ եռագլուխ դևը բավականաչափ գիրացել է, և հենց նրա իսկ առողջությունից է բխում, որ առժամանակ նստի դիետայի վրա: Դա կօգնի մի կողմից այդ եռագլխի խոլեստերինի նվազեցմանն ու այդպիսով առողջության համար բարերար ազդեցությանը, մյուս կողմից իշխանություններին հնարավորություն կտա նախընտրական էֆեկտ ստանալ:
Ինչպես ասում են, կատարվում է ջենտլմենական գործարք` իշխանությունները նախ հնարավորություն են տալիս ինչ որ մարդկանց ստանալ միլիարդավոր դրամներ, ընդ որում՝ նույնիսկ համաշխարհային բիզնես տրամաբանության համար ռեկորդային կարճ ժամանակում, իսկ հետո, երբ գալիս է ժամանակը, այդ մարդիկ իշխանություններին հնարավորություն են տալիս ստանալ նախընտրական էֆեկտ: Սա իհարկե «վատագույն» դեպքում: Որովհետև եթե դատենք տարբեր խոսակցություններից և մամուլում տեղ գտած հրապարակումներից, միլիարդավոր դրամների շահութաբերությամբ աշխատող այս եռագլուխ «դևը» իրականում պատկանում է հենց նույն իշխանական շրջանակների ամենաբարձր պաշտոնյաներին կամ նրանց մերձավորներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկին:
Իհարկե այս մասին պաշտոնական հավաստումներ չկան, սակայն փոխարենը կան հայաստանյան իրականության մասին հասարակության համար որևէ կասկած չհարուցող իրողություններ առ այն, որ Հայաստանում որևէ խոշոր, առավել ևս գերշահութաբեր բիզնես չի կարող իրականացվել առանց իշխանության տանիքի: Այսինքն՝ այսպես ասած ոչ նախընտրական շրջանում իշխանությունը միլիարդներ է հավաքում հասարակության գրպանից, իսկ նախընտրական շրջանում դադարեցնում հավաքելը կամ թուլացնում հավաքելու աստիճանը՝ դրանով իսկ փորձելով ստանալ նախընտրական քարոզչական էֆեկտ:
Կաշխատի այդ էֆեկտը, թե ոչ, իհարկե ցույց կտա ժամանակը, սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ իշխանությունը հույսը չի դնում միայն նմանօրինակ քայլերի վրա և գործոններն իհարկե բազմաթիվ են: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունները ավելի շատ շեշտը դնելու են ոչ թե հասարակությանը փող բաժանելու վրա, այլ հասարակությունից փող հավաքելը թուլացնելու, ինչի մասին վկայում է նաև գազի էժանացման քայլը:











































