Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հաջողված ակցիայից հետո կրկին ակտիվացան քաղաքացիականի և քաղաքականի համադրության կամ հակադրության մասին խոսակցությունները: Ընդ որում, ակտիվացման աղբյուրը ոչ թե իշխանություններն են, որոնք ամենից շահագրգռվածներից են այդ դիլեմայի հարցում, քանի որ դիլեման, ըստ էության, բավական էներգիա է խլում քաղաքացիական ակտիվությունից՝ տանելով այն ոչ մի տեղ, այլ հասարակական-քաղաքական ոչ իշխանական շրջանակները, որոնք ավանդաբար խանդով են վերաբերվում քաղաքացիական ակտիվության հաջողություններին և ոչ միշտ են կարողանում երկար ժամանակով թաքցրած պահել խանդը: Այս անգամ էլ խանդը ելավ ջրի երես՝ ծավալելով քաղաքացիական-քաղաքական քննարկում:
Ինչ է տեղի ունենում իրականում: Իրականում մի խումբ քաղաքացիներ, դեմ լինելով իշխանություններին, դեմ լինելով Սերժ Սարգսյանի նախագահությանը և հիերարխիկ առումով ողջ աստիճանակարգին, սակայն միևնույն ժամանակ հասկանալով, որ ռեսուրսները բավարար չեն այդ մասշտաբի հարցադրումներ անելու համար, իրենց առաջ դնում են փոքր խնդիրներ և փոփոխական հաջողությամբ հասնում դրանց լուծմանը: Հետո առաջանում է այն մոտեցումը, որ մինչև չդրվեն մեծ խնդիրներ, և չլինի իշխանափոխություն, ոչինչ չի ստացվի, և մնացյալ ամեն մի նախաձեռնությունից իշխանություններն ավելի կշահեն, քան հասարակությունը:
Սա գործնական մերկապարանոց պնդում է: Տեսականորեն Հայաստանն իշխանափոխության մոդելների և փորձերի պակաս չի զգացել: Տեսություններով ու փիլիսոփայությամբ Հայաստանում երևի մի հարյուր անգամ արդեն իշխանափոխություն է եղել: Գործնականում բոլոր փորձերը հանգել են կամ ընդդիմության ջախջախման, կամ էլ իշխանությունների հետ տարաբնույթ գործարքների: Հայաստանում եղել է ամբողջական կամ փաթեթային իշխանափոխության շատ ավելի նպաստավոր պահ, նույնիսկ պահեր, սակայն անգամ այդ դեպքում հաջողություն չի եղել: Իհարկե, եղել են գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներ, որոնց մի մասն էլ, ի դեպ, ներկայիս քաղաքացիական ակտիվության հիմքերում են:
Ներկայիս իրավիճակում օբյեկտիվորեն բացակայում են փաթեթային իշխանափոխության պահանջներ դնելու և գործընթացներ ծավալելու ռեսուրսները: Այդ պայմաններում քաղաքացիական ակտիվիզմը հանդիսանում է հասարակական ռեսուրսների օպտիմալացման տարբերակ, որի պարագայում հնարավոր է լինում իշխող համակարգին հասցնել գոնե տակտիկական արդյունավետ հարվածներ, որոնք բարոյական նշանակությունից առաջ ունենում են կոնկրետ արդյունքներ: Այս իրավիճակում դնել, այսպես ասած, փաթեթային խնդիրներ, նշանակում է իշխանությանը ոչինչ չանելով՝ ջլատել հասարակական ռեսուրսները, քաղաքացիական էներգիան և էներգետիկան:
Քաղաքացիականի և քաղաքականի հակադրությունը շինծու հակադրություն է, որը ձեռնտու կարող է լինել միայն նրանց, ովքեր շահագրգռված են ներկայիս ամբողջական ստատուս-քվոն պահպանելու հարցով: Եթե որևէ մեկը շահագրգռված է Հայաստանում քաղաքականի մոդեռնիզացիայի խնդրով, ապա քաղաքացիականն այդ դեպքում պետք է դիտարկվի ոչ թե որպես մրցակից, այն էլ՝ իշխանությունների ստեղծած, և ոչ էլ նաև որպես օժանդակ գործոն, այլ մոդեռնիզացիայի անհրաժեշտ հիմք, որովհետև քաղաքականի մոդեռնիզացիան կամ տեղի կունենա այդ հիմքերով, կամ տեղի չի ունենա երբեք:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































