Վերջին օրերին համաշխարհային շուկայում վառելիքի գինը 17 տոկոսով էժանացավ, այնինչ մեզ մոտ ոչ մի գնային փոփոխություն չարձանագրվեց:
Անդրադառնալով այս խնդրին` այսօր Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ մեր գլխավոր խնդիրը հենց այն է, որ համաշխարհային շուկայի բարձրացումները մեր շուկայի վրա անմիջապես ազդում են և անդրադառնում մեր ընտանեկան բյուջեի վրա: Բայց իջնելը ոչ մի կերպ չի անդրադառնում, և սա է մեր ցավը:
«Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ գոյություն ունի հասկացողություն, որ գերատեսչությունները ունեն գերատեսչական շահեր, որը բյուրոկրատիայի անքակտելի որակներից մեկն է: Սա իմ ձևակերպումն է: Ամեն մեկը իր պարտականությունների շրջանակները նեղացրել է և ապահով, հանգիստ ապրում է: Մենք ունենք այդ հարցով զբաղվող մի քանի մարմիններ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Պետեկամուտների կոմիտե, Որակի տեսչություն, բայց դրանք այս խնդիրները մեկը մյուսի վրա են գցում: Այսինքն՝ փոխանակ մեկը մյուսին օգնի, որ իրավիճակը շտկվի, թողնում են անլուծելի, որովհետև նրանք նույնիսկ իրենց լիազորություններում անկախ չեն և ղեկավարվում են ավելի բարձր օղակներից»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը:









































