ԱՄՆ-ը հուսով է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, քան նրա նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Նրանց խոսքերով՝ Վաշինգտոնը, ինչպես նախկինում, մտադիր է պատժամիջոցների միջոցով Իրանի ղեկավարության վրա տնտեսական ճնշում գործադրել: Միաժամանակ նրանք անհրաժեշտ են համարում մի փոքր դադար տալ նոր պատժամիջոցների հարցում՝ հասկանալու համար, թե Ռուհանին որքանով է պատրաստ բանակցություններին: «Նորընտիր նախագահին մենք ցանկանում ենք հնարավորություն տալ ներգրավվելու խնդրի քննարկումներում»,- ասել են ամերիկացի փորձագետները:
Նրանք նաև հիշեցրել են, որ նախկինում Իրանը բազմիցս չի օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը: «Մեր քաղաքականությունը կախված կլինի Իրանի գործողություններից: Այժմ գնդակն ամբողջությամբ Իրանի դաշտում է»,- նշել են վարչակազմի ներկայացուցիչները:









































