Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է կաթոլիկ եկեղեցիների վարչական «մթնոլորտի մաքրումը»: Հատուկ դեկրետով քահանայապետն աշխատանքից հեռացրել է 2 արքեպիսկոպոսների՝ Սլովենիայից: Այդ որոշման պատճառը հսկայական պարտքերն են, որոնք կուտակվել են թեմում՝ կասկածելի ֆինանսական ներդրումների պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Աշխատանքից հեռացվել են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի թեմի առաջնորդ, 70-ամյա Անտոն Սթրեսը և Մարիբորի թեմի առաջնորդ, 58-ամյա արքեպիսկոպոս Մարյան Տուրնսեկը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ աշխատանքից հեռացված հոգևոր սպասավորներն անմիջականորեն կապ ունեն սպեկուլյատիվ ներդրումների պլանավորման հետ, որոնք իրենց գլխավորած թեմերին հասցրել են սնանկացման եզրին: Նշվում է նաև, որ Մարիբորի թեմի նախկին առաջնորդը ևս աշխատանքից հեռացվել է ֆինանսական խնդիրների պատճառով՝ 2011 թ.:
Լյուբլյանայի արքեպիսկոպոսարանի վեբ կայքում մոնսենյոր Սթրեսն ընդգծել է, որ Մարիբորի արքեպիսկոպոսարանի հետ կապված ֆինանսական ճգնաժամը «2 տարուց ավելի իր չար ստվերն է գցել և սպառնալիքի տակ դրել եկեղեցու առաքելությունը»: Թեմն իր կապիտալի զգալի մասը ներդրել է այնպիսի ֆիրմաներում, որոնք սնանկացել են: Սթրեսը նաև հավելել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անձամբ է իրեն խնդրել ազատվել աշխատանքից:









































