Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, Վրաստանը պատրաստվում է գազտնազերծել ԽՄԿԿ նախկին անդամների ու խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցների անունները: Համապատասխան օրինագիծը ստացել է «Ազատության խարտիա» անվանումը: Վրաց խորհրդարանականները պլանավորում են դա քվեարկել մոտակա նիստի ժամանակ:
Այդ խարտիայով սահմանվում են այն կանխարգելիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են կոմունիստական ու ֆաշիստական գաղափարախոսությանը հակազդելու համար: Բացի այդ, այն ենթադրում է պաշտոնների անցման հարցում սահմանափակումներ կիրառել ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու կոմսոմոլների նկատմամբ:
Այդ անձինք չեն կարող աշխատանքի անցնել երկրի ներկայացուցչական կամ գործադիր մարմիններում, Անվտանգության խորհրդում, նախարարների կաբինետում, նախագահի աշխատակազմում, խորհրդարանական ապարատում, կառավարչական գրասենյակներում և այլն:
Այդ դասի մարդկանց համար աշխատանքային սահմանափակումներ են մտցվելու պաշտպանության ու ներքին գործերի նախարարություններում, օպերատիվ ստորաբաժանումներում, նրանց կոչումը չի կարող հասնել փոխգնդապետի և ավելի բարձր:
Նրանք չեն կարող լինել նաև դատավորներ, ռեկտորներ ու դրանց տեղակալներ, դեկաններ ու ամբիոնի վարիչներ: Նրանց աշխատանքն արգելված է Հանրային հեռուստատեսությունում:
Խարտիայի համաձայն` Վրաստանի հասարակական վայրերում չպետք է գտնվեն խորհրդային խորհրդանշաններով հուշարձաններ, քանդակներ, խորաքանդակներ ու նկարներ: Բացի այդ, փոխվելու են այն քաղաքների, գյուղերի ու փողոցների անվանումները, որոնք հիշեցնում են խորհրդային անցյալի մասին:
Մասնագետներից ու պատմաբաններից բաղկացած հատուկ հանձնաժողովը որոշելու է, թե որ խորհրդանիշն է մնալու, իսկ որը տեղափոխվելու Օկուպացիայի թանգարան:
Նշվում է, որ վրացական կողմը պատրաստվում է Ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումից հետո ճանաչել նաև հյուսիսկովկասյան մյուս ժողովուրդների ցեղասպանությունը (Ցարական Ռուսաստանի կողմից):
Հիշեցնենք, որ երեկ վրացական խորհրդարանը միաձայն (95 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) վերջակետ դրեց 1.5 տարի ձգձգվող չերքեզների ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին: