Ernst & Young ընկերության կողմից կազմված Global Capital Confidence Barometer զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիան 2009 թվականից ի վեր առաջին անգամ զրկվել է ներդրումների համար առավել գրավիչ 5 երկրների ցուցակում իր զբաղեցրած տեղից։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այս տարի թոփ հնգյակում ներառվել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Կանադան և Ֆրանսիան։
Զեկույցը կազմվել է 2016 թվականի օգոստոսից սեպտեմբերը 45 երկրների ընկերությունների 1700 ղեկավարների շրջանում անցկացված հարցման հիման վրա։
«Brexit-ը աշխարհաքաղաքական փոփոխությունների աճի լավ օրինակ է, որոնք կբարդացնեն միջազգային ներդրումները»,- կարծում է ընկերության ներկայացուցիչ Ստիվ Կրոուսկոսը։
Նա նշել է, սակայն, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նախկինում, մնում է ուժեղ տնտեսություն՝ մեծ տաղանդներով, հսկա ակտիվներով, ինովացիաների երկար պատմությամբ ու հաջողությամբ։








































