Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի ու Միխեիլ Սաակաշվիլիի միջև դիմակայությունից ավելի շատ շահեց «Վրացական երազանքը», քան Վրաստանի առաջին նախագահը:
Ուսուպաշվիլու կարծիքով՝ Բիձինա Իվանիշվիլու այն կանխատեսումը, թե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կստանա ընդամենը 5 պատգամավորական մանդատ, մոբիլիզացրել է կուսակցության կողմնակիցներին:
«Իսկ Սաակաշվիլին իր ագրեսիվ հռետորիկայով մեծապես մտահոգեց այն ընտրողներին, որոնք այլ պարագայում միգուցե կմնային տանը կամ կքվեարկեին մյուսների օգտին:
Նրանք որոշեցին Վրաստանը պաշտպանել Սաակաշվիլուց, և այդ պաշտպանությունը դրսևորվեց «Վրացական երազանքի» օգտին քվեարկելով: Այնպես որ ընտրությունների տեսանկյունից Իվանիշվիլին ևս մեկ անգամ հաղթեց Սաակաշվիլուն:
Սաակաշվիլու ագրեսիվ գործողությունները «Վրացական երազանքին» տվեցին ավելի շատ քվեներ, քան Բիձինա Իվանիշվիլիի քայլերը (կանխատեսումը)՝ «Միացյալ ազգային շարժմանը»»:
Ուսուպաշվիլու գլխավորած «Հանրապետական» կուսակցությունը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի կարողացել հաղթահարել 5-տոկոսանոց ընտրաշեմն ու անցնել խորհրդարան:







































