Georgia Online-ի փոխանցմամբ՝ գլխավոր ընդդիմադիր ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պետք է անպայմանորեն մտնի խորհրդարան և մասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին:
Այդ մասին լրագրողների հետ կազմակերպված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան: Նրա խոսքերով՝ այդ հարցերը կքննարկվեն կուսակցության քաղխորհրդի նիստում.
«Կուսակցության ներսում այդ հարցերի շուրջ տարակարծություններ չեն գրանցվել: Մեր քաղաքական ուժը՝ որպես մեր երկրում միակ արևմտամետ, ժողովրդավարական, գործուն, ընդդիմադիր ուժ, անպայման պետք է անցնի խորհրդարան և անպայման պետք է մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին:
Դա կլինի հարգանքի ցուցաբերում այն 500.000 ընտրողի հանդեպ, ովքեր քվեարկել են մեր կուսակցության օգտին: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի «Վրացական երազանքը» չկարողանա հասնել սահմանադրական մեծամասնության:
Մենք պետք է օգտագործենք ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, որպեսզի պաշտպանենք մեր երկրի ներքին ազատությունը»:
Սրանից առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անիմաստ էր համարել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին «Միացյալ ազգային շարժման» անդամների մասնակցությունը՝ գտնելով, որ դա էական փոփոխությունների չի հանգեցնի:











































